Դանիան նախատեսում է 100 մլրդ դանիական կրոնի երաշխիքներ տրամադրել էներգետիկ ընկերություններին, որոնք խնդիրների են բախվել էներգակիրների գների կտրուկ աճի պատճառով, հայտնել է կառավարությունը։
Երաշխիքներն ուղղված են անհրաժեշտ լիկվիդայնության ապահովմանը այն ընկերությունների համար, որոնք լուրջ խնդիրների են բախվում էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, հայտնում է Reuters-ը։ «Սա կօգնի կայունություն ապահովել էլեկտրաէներգիայի շուկայում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բիզնեսի նախարար Սայմոն Կոլերուպը:
Հինգշաբթի ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կսկսի 40 միլիարդ ֆունտ սթեռլինգի տրամադրումը, որպեսզի երաշխավորի, որ մեծածախ էներգիա մատակարարողները չեն տուժի լիկվիդայնության պակասից:
Ֆինլանդիան եւ Շվեդիան կիրակի օրը հայտարարել էին իրենց երկրների էներգետիկ ընկերություններին լիկվիդայնության միլիարդավոր դոլարների երաշխիքներ տրամադրելու պլանների մասին՝ ի պատասխան Եվրոպայում խորացող էներգետիկ ճգնաժամի:




























