ԱՄՆ-ում բենզինի գները կարող են կրկին աճել այս ձմռանը, նախազգուշացրել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: CNN-ին տված հարցազրույցում Յելենն ասել է, որ գները կարող են աճել, քանի որ Եվրամիությունը զգալիորեն կդադարեցնի ռուսական նավթի գնումն այս ձմռանը եւ կարգելի ծառայությունների մատուցումը, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին լցանավերով նավթ մատակարարել:
«Դա կարող է նավթի գների աճի հանգեցնել»,- ասել է Յելենը:
Ընդ որում, նա նշել է, որ գնային շեմ սահմանելու Արեւմուտքի առաջարկը կոչված է հավասարակշռել ռուսական նավթային եկամուտների սահմանափակումը՝ միաժամանակ պահպանելով ռուսական նավթի որոշակի հասանելիությունը՝ «նավթի համաշխարհային գները ցածր պահելու համար»:
«Ուստի կարծում եմ, որ դա կարող է կարեւոր լինել,- ասել է նա:- Եւ դա այն է, ինչ մենք փորձում ենք իրականացնել՝ նավթի գների ապագա աճից խուսափելու համար»:
«Մեծ յոթնյակն» այս ամսվա սկզբին պայմանավորվել էր սահմանել ռուսական նավթի գինը:
Այդ քայլը նպատակ ունի սահմանափակել ռուսական նավթի վաճառքը որոշակի գնից բարձր:
Ռուսաստանը՝ աշխարհում նավթի երրորդ խոշորագույն արտադրողը, սպառնացել է այն չվաճառել այն երկրներին, որոնք գների շեմ կսահմանեն, ինչը կարող է էլ ավելի սրել նավթի համաշխարհային գների աճը:




























