Հայաստանի կառավարությունը մտադիր է ապրանքները գրանցել ազգային աշխարհագրական նշումով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, սեպտեմբերի 12-ին, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը, մասնավորապես, հիշեցրել է, որ աշխարհագրական նշմամբ արտադրանքը վաճառվում է ամբողջ աշխարում հավելագնով։ Այդ հավելագինը, նրա խոսքով, պետք է երաշխավորի արտադրանք՝ պատրաստված կոնկրետ քաղաքի (գյուղի) կամ շրջանի վաղեմի ավանդույթներով՝ հաշվի առնելով որակի ժամանակակից չափորոշիչները։
Հիմա Հայաստանում գրանցված է միայն մեկ արտադրանք աշխարհագրական նշմամբ։ Դա Սեւանի իշխանն է։ Իսկ մյուս ապրանք արտադրողները, որոնք հայտնի են կոնկրետ տարածաշրջանում, դա չեն անում։
«Նախ՝ նրանք վատ են տեղեկացված այն մասին, թե հատկապես ինչ ընթացակարգեր է անհրաժեշտ անցնել։ Երկրորդ՝ նրանք չեն ձեւավորում գրանցման համատեղ հայտեր։ Դրա համար էլ ցանկալի է, որպեսզի նախաձեռնությունը կարողանա դրսեւորել կառավարությունը, ինչպես, օրինակ, հարեւան Վրաստանում»,- ասել է Քերոբյանը։
Արտադրանքի հայկական ծագումը նշող անվանումները կարող են գրանցվել նաեւ առանց երկիրը կամ տարածաշրջանը նշելու։ Օրինակ, մածնի, հայկական պանրի որոշ տեսակների, ինչպես նաեւ հայկական կոնյակի նոր անվան դեպքում։ Նոր անունը դեռ պետք է ընտրել եւ առաջ մղել, քանի որ Հայաստանը ժամանակի ընթացքում պետք է հրաժարվի «հայկական կոնյակ» անվանումից։
«Վրաստանը գրանցել է ապրանքների ծագման աշխարհագրական նշումները, եւ դրա համար արգելում է իր տարածքով անցկացնել, օրինակ, մածունը կամ կախեթ տեսակի խաղողի գինին»,- ասել է էկոնոմիկայի նախարարը՝ կոչ անելով գրանցել հայկական աշխարհագրական նշումները միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Այդ դեպքում, նրա կարծիքով, թե՛ Վրաստանի, թե՛ այլ երկրների հետ կարելի կլինի վերոնշյալ նշումների փոխադարձ ճանաչում կատարել։
Պետք է լուծել նաեւ տեխնիկական բնույթի խնդիրները։ Հանրապետությունում առայժմ չկան աշխարհագրական նշմամբ արտադրանքի սերտիֆիկացման հստակ պահանջներ։
«Օրինագիծը նպատակ ունի լուծել այս դժվարությունները եւ բիզնեսի համար թեթեւացնել այդ ապրանքների գրանցումը»,- ընդգծել է Քերոբյանը։





























