Գերմանիան մտադիր է ընդլայնել էներգետիկ ընկերությունների վարկավորումը, որոնք գազի աճող գներից ճզմվելու վտանգի տակ են, հայտնում է Reuters-ը։

Եվրոպական միության Արժեթղթերի վերահսկման ծառայությունը նաեւ դիտարկում է համաեվրոպական միջոց՝ էներգետիկ ընկերություններին օգնելու համար, որոնք փորձում են կանխիկ գումար գտնել, որպեսզի բավարարեն գրավների բարձրացող պահանջները այն բանից հետո, երբ նրանք հանկարծակիի են եկել գների աճից, երբ Ռուսաստանը կրճատել է գազի մատակարարումները Եվրոպա:

Ճգնաժամը հաղթահարելու Եվրահանձնաժողովի առանձին առաջարկները պետք է բարձրաձայնվեն չորեքշաբթի օրը, իսկ ԵՄ էներգետիկայի նախարարները պետք է արտակարգ հանդիպում անցկացնեն սեպտեմբերի 30-ին:

Ճգնաժամն արդեն իսկ ուժեղ ճնշում է գործադրում Եվրոպայի տնտեսության վրա, նույնիսկ նախքան ձմեռը սկսվելը, երբ արդյունաբերական սպառողները կարող են բախվել նորմավորման հետ, եթե գազի պահուստներն անբավարար լինեն: Ոլորտային տրամադրությունները դաշինքի տնտեսական կենտրոնում՝ Գերմանիայում, ընկել են:

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ցանկանում է ավելացնել պետական վարկերը էներգետիկ ընկերությունների համար՝ օգտագործելով վարկային թույլտվությունները, որոնք ստեղծված են օգնելու COVID-19 համավարակի պայմաններում, իսկ գերմանական թերթը գումարը գնահատում է 67 միլիարդ եվրո:

Անցյալ շաբաթ VNG-ը՝ Գերմանիա ռուսական բնական գազի խոշորագույն ներկրողներից մեկը, դարձավ վերջին էներգետիկ ընկերությունը, որը օգնության խնդրանքով դիմեց կառավարությանը՝ ջրի երեսին մնալու համար:

Սպասվում է, որ Գերմանիայի կառավարույունը չորեքշաբթի կհաստատի վարկային միջոցների ավելացման օրինագիծը։

Միեւնույն ժամանակ, Գերմանիայում ներդրողների տրամադրությունները սպասվածից ավելի են վատացել սեպտեմբերին, քանի որ երկրի էներգակիրների մատակարարման վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի ու ավելի են ազդում Եվրոպայի ամենամեծ տնտեսության հեռանկարների վրա:

«Ձմեռային էներգիայի անբավարարության հեռանկարը գերմանական արդյունաբերության զգալի մասի ակնկալիքներն էլ ավելի բացասական է դարձրել»,- ասել է տնտեսական հետազոտությունների ZEW ինստիտուտի նախագահ Ախիմ Վամբախը:

«Հիմա հարցն այն է, թե որքան հեռու կարող է գնալ տնտեսությունը եւ էլ ուր կարող է գնալ գնաճը»,- ասել է LBBW բանկի ավագ տնտեսագետ Յենս-Օլիվեր Նիկլաշը: