Աշխարհի ամենաթանկ տեխնոլոգիական ընկերության` Apple-ի լեգենդար ղեկավար Սթիվ Ջոբսը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ լքում է գործադիր տնօրենի պաշտոնը:

«Ես միշտ ասել եմ, եթե գա օրը, երբ չկարողանամ բավարարել ակնկալիքները որպես Apple ընկերության ղեկավար, ես առաջինը կլինեմ, ով այդ մասին կասի: Ցավոք, այդ օրը հասել է»,- տնօրենների խորհրդին գրած նամակում ասել է նա, հաղորդում է FoxBusiness.com-ը:

Ջոբսը համոզմունք է հայտնել, որ ընկերության լավագույն ու նորարարական օրերը դեռ առջեւում են: Նոր ղեկավարը, Ջոբսի խորհրդով, դարձել է Թիմ Քուկը:

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում, 1955թ.: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Փոլ եւ Կլարա Ջոբսերի ընտանիքում: Նա վերջիններիս խորթ զավակն էր, իսկ հարազատ մայրը հրաժարվել էր երեխայից: Ի դեպ, Կլարա Ջոբսի օրիորդական ազգանունը Հակոբյան էր: Ջոբսի կենսաբանական ծնողները Ջոան Քերոլ Շիբլեն ու սիրիացի Աբդուլֆաթթահ Ջոն Ջանդալին էին:

1970-ականների վերջին Ջոբսը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ ստեղծեց առաջին առեւտրային հաջողություն ունեցած անհատական համակարգիչներից մեկը:

1985թ. Ջոբսը տնօրենների խորհրդի հետ պայքարում կորցրեց իր տեղն Apple-ում, հեռացավ եւ ստեղծեց NeXT ընկերությունը: 1997թ. նա վերադարձավ, եւ Apple-ը դարձավ աշխարհի ամենաթանկարժեք IT-ընկերությունը:

Հենց Ջոբսի ղեկավարությամբ Apple-ը թողարկեց նմանը չունեցող սարքերը` iPad պլանշետը, ամենաբարակ նոթբուքը` MacBook Air-ը, բոլոր սերունդների iPhone հեռախոսներն ու iPod երաժշտական փլեյերը: