Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն ձգվում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, քանի որ Բաքուն ինքն է բազմիցս մերժել միջնորդների առաջարկները:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե միջազգային հանրության կողմից ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտությունում անթույլատրելի է, եւ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Ստիպված եմ հիշեցնել մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ ամենում իրենք են մեղավոր»,- ասել է Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի քարտուղարը Մամեդյարովին հիշեցրել է արեւելյան ասացվածքը. «Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա: Կրկին հիշեցնեմ ադրբեջանցի գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք, ոչ մի օր, անգամ ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի»,- ամփոփել է պատգմավորը: