Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա կասեցնել Հունգարիային միլիարդավոր եվրոների հատկացումը՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների։
Եվրախորհրդարանի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում իր ամենամյա քաղաքական ելույթում ասել է, որ կսառեցնի այն անդամների ֆինանսավորումը, որոնք վնաս են հասցնում ժողովրդավարությանը եւ առանձնացրել է կոռուպցիան։ «Մենք պետք է պայքարենք մեր ժողովրդավարության համար... Ես կցանկանայի կենտրոնանալ կոռուպցիայի վրա»,- ասել է նա՝ չնշելով կոնկրետ Հունգարիային:
Ակնկալվում է, որ ԵՀ-ն խորհուրդ կտա կասեցնել 2021-2027 թվականների ԵՄ բյուջեից Հունգարիայի համար նախատեսված միջոցների մինչեւ 70 տոկոսը՝ 22,5 միլիարդ եվրոյի չափով, ասել են ԵՄ ներկայացուցիչները:
Հունգարական ֆորինտը եւ պարտատոմսերը թուլացել են չորեքշաբթի օրը, երբ եվրոպացի օրենսդիրները դատապարտել են Հունգարիայի վարչապետ Օրբանին՝ միգրանտների, գեյերի եւ կանանց իրավունքները, ինչպես նաեւ լրատվամիջոցների, գիտնականների եւ դատական համակարգի ազատությունը խախտելու համար:
Օրբանը հերքում է նման քննադատությունը։ Բուդապեշտը խոստացել է ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն եւ բազմիցս ասել է, որ հույս ունի Բրյուսելի հետ գործարքի հասնել:
Սակայն հանձնաժողովը զգուշավոր է եղել, եւ Օրբանի հետ տարիներ շարունակ դաժան վեճերից հետո նրա նկատմամբ անվստահությունն աճել է:
Պաշտոնյաներից մեկն ասել է, որ վերջնական որոշումը դեռ կարող է փոխվել, եթե Հունգարիան հետեւի հակակոռուպցիոն միջոցառումների «ավելի մանրամասն իրականացմանը»:





























