Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել` մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելով կրթության եւ գիտության նախարարությանը:

«Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ: 

Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը, այդ թվում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն»,- ասված է հայտարարության մեջ: 

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ՀՀ գիտության եւ կրթության նախարարությանը մշակել եւ օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն եւ կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: «Միեւնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու եւ նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով»,- նշել է պաշտպանը: