Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին, որի ընթացքում քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը նշել են, որ 2008թ. սեպտեմբերին Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները իրականացման փուլում են:

Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կիրիենկոն բարձր են գնահատել ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մակարդակը, դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ համոզմունք հայտնել, որ ընթացիկ ծրագրերի իրագործումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր դերը:

Անդրադառնալով հայկական ատոմակայանի գործունեությանը, «Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ այն գտնվում է գերազանց վիճակում, ապահովված են անվտանգ եւ հուսալի շահագործման բոլոր պայմանները:

Քննարկվել են նաեւ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքին ու հաջորդ տարի նախատեսված աշխատանքներին: