Ադրբեջանի նպատակը Սյունիքում հերթական էքսպանսիան է. Սյունիքի 40 հազար բնակչությունից 7.5 հազարը հեռացել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

«Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից Սյունիքում Հայաստանի թիկունքի գնդակոծումը տեղի բնակչությանը վտարելու նպատակ ունի։ Եթե ​​այսպես շարունակվի, բնակչությունը կհեռանա, Սյունիքը կդատարկվի։ Ընդ որում, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը չի հրաժարվի Ադրբեջանից Նախիջեւան տարանցման իր համաձայնությունից։

Տեղի հայ բնակչության բացակայության դեպքում կենդանության միակ նշանը կլինի միայն ադրբեջանական տարանցումը Նախիջեւան, որը կիրականացվի առնվազն ադրբեջանական ոստիկանության մասնակցությամբ։ Դա կլինի տարանցման ուժային կողմը: Այնուհետեւ տարածքը կյուրացվի։ Ցանկացած սահման, սահմանապահներին օգնության մակարդակով ցանկացած պաշտոնական վերահսկողություն տեղի բնակչության առնվազն նվազագույն ներկայություն է պահանջում, հակառակ դեպքում սահմանապահները մեկուսացման մեջ կլինեն։

Տարօրինակ է, որ այս պայմաններում տարանցման վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը հետ չի կանչվել։ Բաքուն ուզում է վերցնել Սյունիքը, վտարել բնակչությանն ու ամրապնվել այնտեղ։ Որեւէ մեկը կասկած չունի, որ Հայաստանն Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհը չի գնդակոծի։ Հենց դա պետք է հայտարարեր Երեւանը եւ ավելացներ, որ եթե առաջ գաք, ոչ մի ճանապարհ չի լինի։ Բայց դա տեղի չի ունենում»,- հավելեց Կոլերովը: