Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 26-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել շուրջերկրյա նավարկություն կատարած «Արմենիա» առագաստանավի անձնակազմի դիմավորման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը նախագահին է հանձնել ԼՂՀ դրոշը, որն ուղեկցել է նրանց ամբողջ նավարկության ընթացքում:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին նավարկության հաջող ավարտի կապակցությամբ` նշելով, որ ավելի քան երկու տարի տեւած այս արշավը դարձավ մեր ժողովրդի կարեւոր հաղթանակներից ու ձեռքբերումներից մեկը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում մեծ ուշադրությամբ  հետեւում էին նավարկության ողջ ընթացքին, հպարտությամբ լցվում նրանց ամեն մի հաջողությամբ:

Նախագահ Սահակյանը «Արմենիա»-ի ճամփորդությունը որակել է որպես ուխտագնացություն, քանի որ նա, լինելով Սփյուռքի ամենատարբեր մասերում, հայրենասիրության հզոր լիցք է հաղորդել մեր հայրենակիցներին, մի յուրօրինակ կապ հաստատել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ:

Արարողությունից հետո նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բակո Սահակյանի եւ առագաստանավի անձնակազմի առանձին հանդիպումը, որին մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: