Ալյասկայի արեւմտյան ափին գտնվող բնակիչները կիրակի սկսել են հաշվել տարածաշրջանում վերջին տասնամյակների ամենահզոր փոթորիկներից մեկի հասցրած վնասը, հաղորդում է AFP-ն:

«Մերբոկ» թայֆունի մնացորդները հարվածել են ափամերձ քաղաքներին, իսկ կիրակի առավոտյան այն թեքվել է դեպի Չուկչի ծով՝ Բերինգի նեղուցից հյուսիս:

Սակայն այսօրվա ընթացքում հյուսիսային շրջանի ափամերձ քաղաքների համար ջրհեղեղի մասին նախազգուշացումները դեռեւս ուժի մեջ են: Այս մասին Twitter-ում հայտնել է Ազգային եղանակային ծառայության Fairbanks մասնաճյուղը (NWS):

Փոթորիկը հարվածել է Ալյասկայի երկար ափի հսկայական հատվածին՝ առաջացնելով հզոր քամիներ, 15 մետր եւ ավելի բարձրությամբ մակընթացային ալիքներ:

Նահանգապետ Մայք Դանլիվին բնական աղետ է հայտարարել։ Պաշտոնյաներն ու տեղացիներն ասում են, որ վնասը շատ լուրջ է:

Նահանգի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը հայտնել է, որ ստացել է հաշվետվություններ մի քանի համայնքներից՝ էլեկտրաէներգիայի անջատումների, վնասված տների, հեղեղումների եւ ենթակառուցվածքների ավերման մասին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ըստ օդերեւութաբանների եւ տեղական ԶԼՄ-ների, ամենից շատ տուժել են ցածրադիր ափամերձ շրջանները, դպրոցներն ու օդանավակայանները ջրով են լցվել, որոշ ճանապարհներ ողողվել են: