Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը:

Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։

Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով: