Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը այսօր` օգոստոսի 26-ին թվով երկրորդ պատասխանն է հղել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հայտարարությանը:
«Անհանգստությամբ ծանոթացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ հայտարարությանը եւ դարձյալ ցավով արձանգրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել: Երբ ասում ենք ՄԻՊ գրասենյակ, նկատի չունենք ոչ մաթեմատիկա, ոչ երկրաչափություն եւ ոչ էլ հանրահաշիվ առարկաները, որոնք դպրոցում դասավանդվում են հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, տարբեր հեղինակների կողմից հեղինակած տարբեր դասագրքերով, տարբեր մրցույթների արդյունքներում:
Տեսականորեն նկատի ունենք կայացած, բանիմաց եւ արհեստավարժ մարմին, որի աշխատանքներից է նաեւ կախված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփական երկրում պաշտպանված լինելու զգացումը»,- հեգնել են ԿԳՆ պաշտոնյաները:
«Զերծ մնալով ընդդիմախոսների կողմից առաջարկվող ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն ոչ հարիր բանավեճի մակարդակից, կրկին հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր առաջին հայտարարության մեջ արծարծված մտահոգություններին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը զերծ կմնա նաեւ ՄԻՊ ինսիտուտը վարկաբեկելու որեւէ դրսեւորումից, որովհետեւ այն իր կայացման ու զարգացման համար աջակցության եւ փայփայման կարիք ունի:
Կրկին հավաստում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:




























