Հայկական ծագումնաբանության 5-րդ համաժողովը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 24-25-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում։
Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ․-ից ի վեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվել է հայկական ծագումնաբանությանը նվիրված չորս համաժողով։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ վերջին երկու տարիներին համաժողովը չի կայացել, և այս տարի այն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Համաժողովի հովանավորներն են Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։
Հիմնվելով նախկին համաժողվների փորձի վրա՝ ծրագիրը բաղկացած է լինելու Հայաստանի տարբեր մարզերից եկած մասնակիցների ծագումնաբանությանը նվիրված մի շարք նիստերից։ Համաժողովի նիստերը կլինեն տեղեկատվական, ինչպես նաև պրակտիկ, որոնց ընթացքում գործիքներ կտրամադրվեն բոլոր ծագումնաբաններին՝ անկախ փորձի մակարդակից։
Համաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։
Համաժողովի բանախոսների թվում են Հարություն Արմենյանը, Սոնյա Միրզոյանը, Ռաֆայել Աբրահամյանը, Հակ Հակոբյանը և Ջորջ Աղջայանը։
Համաժողովի ընթացքում մանրամասն անդրադարձ կկատարվի ծագումնաբանության տարատեսակ հարցերի։ Խոսնակները կներկայացնեն հայկական ծագումնաբանությանն առնչվող իրենց ուսումնասիրությունները։ Համաժողովի հիմնադիր Ջորջ Աղջայանը կներկայացնի ԴՆԹ թեստի կիրառումը հայկական ծագումնաբանական հետազոտություններում: Մասնակիցներին հասանելի կլինեն սահմանափակ թվով ԴՆԹ թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել վերջիններիս ծագումնաբանությունը:՝ կամրջելով սերունդների միջև գոյություն ունեցող բացերը:
Հայկական ծագումնաբանության 5-րդ համաժողովի գրացումները բաց են և հասանելի են համաժողովի կայքում։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:





























