Որակի վերահսկողություն չանցած ապրանքները կեղծ հավաստագրերի շնորհիվ հայտնվում են ռուսական խանութներում և մարքեթփլեյսներում, պարզել է «Известия»-ն։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի և Ղրղզստանի լաբորատորիաները փաստաթղթեր են ձևակերպել առանց արտադրանքի իրական փորձարկումների։ Այս փաստերով քրեական գործեր են հարուցվել, իսկ նման կառույցների շահերի լոբբինգի հետևում կարող է կանգնած լինել ԵՏՀ ներքին շուկաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը։
Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում գործում են թվային հարթակների նոր կանոններ․ վաճառողների որակի հավաստագրերը ստուգվում են միջպետական տվյալների բազաների միջոցով։ Վերահսկողության խստացումը նպատակ ունի սահմանափակել կեղծ փաստաթղթերի շրջանառությունը։
Ստուգումներից և լիցենզիաների չեղարկումից հետո ռուսական լաբորատորիաները, որոնք կեղծ հավաստագրեր էին տրամադրում, շարունակել են աշխատել՝ վերագրանցվելով հիմնականում Հայաստանում և Ղրղզստանում։ 2025 թվականին ղրղզական երեք կենտրոններ ռուսական ընկերություններին տվել են ավելի քան 15,5 հազար հավաստագիր։ 2026 թվականի փետրվարին «Ռոսակրեդիտացիան» դադարեցրել է Ռուսաստանում այս կազմակերպությունների փաստաթղթերի գործողությունը։ «Известия»-ի աղբյուրի տվյալներով՝ քրեական գործեր են հարուցվել մոտ 15 հազար հավաստագրերի տրամադրման փաստերով, պատասխանատվության է ենթարկել 11 լաբորատորիա՝ տասը ղրղզական և մեկ հայկական։
2026 թվականի հուլիսին ռուսական կողմը նաև կասեցրել է հայկական «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» կենտրոնների որոշ հավաստագրերի գործողությունը՝ փորձարկումների արձանագրությունների բացակայության պատճառով։ Միևնույն ժամանակ, հայկական հավաստագրերը գործում են ԵԱՏՄ ամբողջ տարածքում և հաճախ պատվիրատուների համար ավելի էժան են լինում, քան ռուսականները։ Պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանում հավաստագրման ծառայություններն առաջարկվում են 2 հազար ռուբլուց սկսած, իսկ մեկ կազմակերպության հավատարմագրումը հետ կանչելուց հետո կարող են հայտնվել նույն ղեկավարներով նոր իրավաբանական անձինք։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հավաստագրման ոլորտի համար պատասխանատու է ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը, որը ԵՏՀ է պատվիրակվել Հայաստանի կողմից։ «Известия»-ի աղբյուրը պնդում է, որ նա կարող էր նպաստել նման լաբորատորիաների շահերի առաջմղմանը և ձգձգել ԵԱՏՄ Ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրումը, որը պետք է ապահովի միության պետությունների միջև տվյալների փոխանակումը և հեշտացնի հավաստագրերի ստուգումը։
Համակարգը մշակվում է 2014 թվականից, սակայն դրա լիարժեք գործարկման ժամկետները բազմիցս հետաձգվել են։ 2026 թվականի մարտին Ռուսաստանի կառավարությունը հայտնել էր, որ հաստատված 79 ընդհանուր թվային գործընթացներից գործել են 50-ը։ Դեռ 2022 թվականին Պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչովը հրապարակավ քննադատել է Սիմոնյանի որոշումները՝ հայտարարելով, որ ԵՏՀ IT-դեպարտամենտի աշխատանքի փոփոխությունները կարող են հանգեցնել լրացուցիչ ծախսերի և ձգձգել համակարգի գործարկումը։
Պարբերականի աղբյուրի պնդմամբ՝ Սիմոնյանը նաև դեմ է խախտումների մեջ բռնված լաբորատորիաներին հավատարմագրումից զրկելուն։ Զրուցակիցը կարծում է, որ հանգամանքները կարող են դառնալ հենց նախարարի նկատմամբ հետաքննության առարկա և հանգեցնել նրա անձեռնմխելիությունը հանելու հարցի քննարկմանը։
Փաստաբան Ալեքսեյ Գավրիշևը «Известия»-ին պարզաբանել է, որ քրեաիրավական ստուգում հնարավոր է, եթե ապացուցվեն կոնկրետ առևտրային կառույցների շահերից ելնելով որոշումների գիտակցված ընդունումը, վերահսկողական մեխանիզմների արգելափակումը կամ վարձատրություն ստանալը։ Նրա խոսքով՝ ԵՏՀ նախարարն ունի անձեռնմխելիություն քրեական հետապնդումից, որը կարող է հանվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ՝ հանցագործությանն առնչության ապացույցների առկայության դեպքում։





























