Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
ԱԻՆ-ից նաև տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների, կա 3 տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Հավաքված մարդիկ նշում են, որ շենքը կարող է ամբողջութմաբ փլուզվել ու կոչ են անում հեռու կանգնել շենքից: Տեսանյութերում երեւում են, որ վնասվել են շենքի մոտ կանգնած ավտոմեքենաներ:
«Բոլորդ դուրս եկեք, կարող է փլվի, երեք վիրավոր ունենք, երեքի վիճակն էլ լավ է, զոհեր չկան»,-ասում է հավաքվածներից մեկը:
Դեպքի վայրում նաև ոստիկաններ կան հավաքված:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:





























