«Յունիբանկ» ՓԲԸ-ն կոչ է անում «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինությանը դադարեցնել ստահոդ տեղեկատվության տարածումը եւ փոխարենը կատարել վարկային պայմանագրերով ամրագրված իր պարտավորությունները: Այդ մասին նշված է «Յոինիբանկից» NEWS.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ:

Ներկայացնում են հաղորդագրության տեքստը` որոշ կրճատումներով.

«Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինության հայտարարությունների առնչությամբ  պարզաբանում ենք, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն իրոք հանդիսանում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարկառու: Ընկերության եւ բանկի միջև վարկային պայմանագրեր  կնքվել են 2007 եւ 2008թթ.: Սակայն,  2009թ.-ի մայիսին  Մանվել Տեր-Առաքելյանը, պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերության գործունեության վրա, դիմել է բանկին` խնդրելով փոփոխել վարկերի մարման ժամանակացույցերը: «Յունիբանկը», իր սկզբունքներին համաձայն, ընդառաջ է գնացել վարկառուի` «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի  խնդրանքին:

Բանակցությունների արդյունքում բանկը «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությանն առաջարկել է վարկերի մարման արտոնյալ պայմաններ` 2 տարով տարաժամկետելով վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների մարումների գործընթացը եւ 2 տարով երկարաձգելով վարկերի մարման պայմանագրային ժամկետները: Համաձայնագրերի կնքված եւ ստորագրված երկու օրինակները բանկը ներկայացրել է «Հին Էրիվան Հոլդինգ»-ին, սակայն ընկերության տնօրինությունն իր կողմից հաստատված օրինակները չի վերադարձրել բանկ:

Ավելին` այդ համաձայնագրերի ստորագրման նույն օրը Մանվել Տեր-Առաքելյանը մտափոխվել է եւ խնդրել բանկին պատրաստել համաձայնագրերի երկրորդ տարբերակը, ըստ  որի բանկն իրականացնելու է միայն  վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի մարման 2 տարով տարաժամկետում:

Այն փաստը, որ Բանկը որոշում է կայացրել հօգուտ «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերության եւ հնարավորություն է ընձեռել վարկառուին ընտրելու իր համար առավել նպաստավոր տարբերակը, հաստատում է նաեւ ընկերության տնօրինությունը: Սակայն համաձայնագրերի  առկայությունը չխանգարեց «Հին Էրիվան Հոլդինգ»-ին հրաժարվել սահմանված ժամկետներում վարկային պարտավորությունները կատարելուց:

Համաձայնագիրը ստորագրելուց երկու տարի անց` 2011թ.-ի մայիսին,  Մանվել Տեր-Առաքելյանը հիշեց «Յունիբանկին» այդպես էլ չտրամադրած առաջին համաձայնագրերի գոյության մասին, որով նախատեսված էր նաեւ վարկի մարման ժամկետների երկարաձգում, եւ որոշեց առաջնորդվել այդ տարբերակով:

«Յունիբանկը» հերթական անգամ զիջեց վարկառուի խնդրանքին եւ առաջարկեց հիմք ընդունել համաձայնագրերի առաջին  տարբերակը` պայմանով, որ ընկերությունը այդ համաձայնագրերի ստորագրված եւ կնքված բնօրինակը կներկայացնի բանկ:

Միաժամանակ, «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությունը  խնդրեց «Յունիբանկին» իրեն տրամադրել հաջորդող գրավի թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա «Յունիբանկում» գրավադրված գույքը` «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը` որպես հաջորդող գրավի առարկա  ձեւակերպել նաեւ այլ բանկում` նոր վարկ ստանալու եւ Յունիբանկի վարկերը մարելու համար:

«Յունիբանկը» նման թույլտվություն վարկառուին տրամադրեց, սակայն մինչ օրս վարկի մարումները կատարված չեն: «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն նաեւ հրաժարվեց բանկ ներկայացնել  առաջին  համաձայնագրի բնօրինակը` հայտարարելով, որ պատրաստ է մարել միայն վարկերի մայր գումարները, առանց կուտակված տոկոսագումարների:

Սահմանված կարգի համաձայն, «Յունիբանկը» վարկառուին է ներկայացրել համապատասխան  ծանուցում, որով պահանջել է սահմանված ժամկետներում մարել ժամկետանց վարկի մայր գումարները եւ տոկոսագումարները: Դրան ի պատասխան Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է դատարան` պահանջելով սահմանափակել «Յունիբանկում» գրավադրված գույքի արտադատական բռնագանձման իրավունքը:

Վարկային պարտավորությունների կատարումը ձգձգելու նպատակով, Մանվել Տեր-Առաքելյանը ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում «Յունիբանկին» մեղադրել էր նաեւ  փաստաթղթերի կեղծման մեջ, մինչդեռ ինքն է հրաժարվում փաստաթղթերի բնօրինակը բանկ ներկայացնելուց: Բնականաբար, այդ առնչությամբ «Յունիբանկը» դիմել է իրավապահ մարմիններին եւ խնդրել ստուգել Մանվել Տեր-Առաքելյանի մոտ առկա   փաստաթղթերի իսկությունը:

Այս պարագայում անհասկանալի է «Հին Էրիվան Հոլդինգ» -ի տնօրինության դժգոհությունը ՀՀ ոստիկանության միջամտության վերաբերյալ: Չէ որ, հենց Մանվել Տեր-Առաքելյանն է դրսեւորում գործարարին ոչ վայել պահվածք` անհիմն մեղադրանքներ ներկայացնելով բանկին եւ փորձելով խուսափել վարկային պայմանագրերով եւ համաձայնագրերով ամրագրված իր պարտավորությունների կատարումից»:   

Հիշեցնենք նաեւ, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն այս տարվա հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի գործարար համբավը արատավորելու եւ զրպարտության համար: