Երեւանում կազմված ժամանակացույցի համաձայն շարունակվում են կենտրոնական փողոցներում տեղակայված չգործող եւ պայմանագրային ժամկետներն ավարտված կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքի տարբեր վարչական շրջաններում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված շուրջ 2. 240 առեւտրի  սպասարկման օբյեկտ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աբովյան փողոցում, ըստ ներկայացված տեղեկանքի, գույքագրվել է ժամանակավոր շինություններում գործող 16 օբյեկտ, որոնցից ընդամենը 2-ն են պայմանագրային ժամկետում: Պայմանագրային ժամկետը լրացած լինելու պատճառով այստեղ ապամոնտաժվել է 2 տաղավար, եւս 4–ը կապամոնտաժվի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստորեն հետեւել գործընթացի օրենքի սահմաններում իրականացմանը, իսկ ապամոնտաժվող կրպակների սոցիալապես անապահով աշխատակիցներին այլընտրանքային աշխատատեղեր առաջարկել:

Զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում աղբահանության խնդիրը կարգավորվել է եւ աշխատանքներն ընթանում են գրաֆիկի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է աղբահանության մասին ընդունված օրենքի շրջանակում կարճ ժամկետում կանոնակարգել ոլորտը եւ մինչեւ սեպտեմբերի 1-ն ավարտել պայմանագրերի կնքման գործընթացը:

Կրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցները, բացառությամբ թիվ 1 դպոցի, պատրաստ են նոր ուսումնական տարին դիմաորելու մաքուր եւ բարեկարգ բակերով: Քաղաքապետը հանձնարարել է երկօրյա ժամկետում այստեղ եւս ավարտել աշխատանքները եւ բակն ու հարակից տարածքը բերել պատշաճ տեսքի:

Անդրադառնալով մայրաքաղաքի վերգետնյա անցումների կառուցման խնդրին`  Երեւանի քաղաքապետը բոլոր պատասխանատու օղակներին խստորեն հանձնարարել է 2012 թվականի համար նախատեսվող աշխատանքները ծրագրել  տրամաբանական ժամանակացույցով այնպես, որ վաղ գարնանից արդեն հնարավոր լինի սկսել եւ մինչեւ սեպտեմբեր ավարտել տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 3–ը, 10–ը եւ 17 –ը հայտարարված են համաքաղաքային շաբաթորյակի օրեր` Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրման ու բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական եւ հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի եւ ուսումնական հաստատություններին, համատիրություններին: