Արդարադատության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացնում «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ:
Ըստ այդմ, նշվել է, որ այդ օրինագծով Հայ առաքելական եկեղեցուն բացառիկ կարգավիճակ է տրվում, քանի որ այն արդեն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Դրանից ելնելով` Հայ առաքելական եկեղեցուն ՀՀ օրենսդրությամբ տրված են մի շարք առանձնաշնորհներ, ինչպես նաեւ Հայ առաքելական եղեկեցու եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններն կարգավորվում են առանձին օրենքով: Սակայն Հայ առաքելական եկեղեցուն տրված առանձնաշնորհներից եւ ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես այլ կրոնական կամ դավաբանական պատկանելիություն ունցող անձանց խղճի կամ համոզմունքի ազատության իրավունքի խախտում, եւ նախագիծը միտված է նաեւ դրա ապահովմանը:
2. Ինչո՞ւ է նախագծով կրոնական կազմակերպություններին արգելվում բարեգործություն անել:
Պատասխան. Նախագծով չի արգելվում կրոնական կազմակերպություններին բարեգործություն անել: Բարեգործության կատարումը չի հանդիսանում նշված օրենքի նախագծի կարգավորման առարկա եւ պատշաճ կերպով կարգավորված է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով:
3. Ի՞նչ չափանիշներով է որոշվել կրոնական կազմակերպության գրանցման համար անդամների անհրաժեշտ 200 նվազագույն շեմը մինչեւ 25 իջեցնելը:
Պատասխան. Նախագծով նախատեսվում է առավելագույնս հեշտացնել կրոնական կազմակերպությունների պետական գրանցման գործընթացը, այդ թվում՝ նվազեցնելով կրոնական կազմակերպությունների գրանցման համար գործող օրենքով նախատեսված անդամների թիվը: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախորդ նախագծերի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ – ի համատեղ եզրակացությունում 200 թիվը համարվել էր խիստ անհամաչափ:
4. Ի՞նչ է նշանակում ոչ պատշաճ հոգեորսություն, արդյոք դրա հասկացությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային:
Պատասխան. Նախագծի 4-րդ հոդվածով հստակ սահմանվում են խղճի, կրոնի եւ համոզմունքի ազատության արտահայտման իրավունքի սահմանափակման հիմքերը, ինչպես նաեւ սահմանվում է «ոչ պատշաճ հոգեւորսություն» հասկացությունը, մասնավորապես.
Ոչ պատշաճ հոգեւորսությունը` այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն, որը դրսեւորվում է այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելության հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության:
Ոչ պատշաճ հոգեւորսության այս սահմանումը վերցված է Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից, մասնավորապես ամբողջությամբ համապատասխանում Կոկինակիսը ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից տրված ոչ պատշաճ պրոսելիտիզմի հասկացությանը:
5. Որո՞նք են այն վտանգավոր ձեւակերպումները, որոնք կարող են վնասել Հայ առաքելական եկեղեցուն:
6. Պատասխան. Նախագծով սահմանված չէ որեւէ դրույթ, որը կարող է վնասել Հայ առաքելական եկեղեցուն:
7. Վերահսկելով կրոնական կազմակերպություններին`արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն չի վերածվում հավատաքննիչի, կամ հոգեւոր ոստիկանի:
Պատասխան. Ըստ էության, արդարադատության նախարարությունը այս նախագծով էապես նվազեցրել է կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը:
Մասնավորապես էապես նվազեցվել են կրոնական կազմակերպության կողմից գրանցման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը:
Այսպես՝ գործող օրենքով կրոնական կազմակերպություն գրանցելու համար պահանջվում է տվյալ կազմակերպության կրոնականության մասին եզրակացության ստացումը, ինչը վերոհիշյալ նախագծով հանվել է:
Կրոնական կազմակերպությունների նկատմամբ նախագծով նախատեսված վերահսկողությունը կարելի է բաժանել երկու մասի` 1. Նրանց տարեկան հաշվետությունների ստուգում, որը նպատակաուղղված է կրոնական կազմակերպությունների կողմից նախագծի մի շարք պահանջների պահպանման ապահովմանը (օրինակ` ֆինանսավորման թափանցիկություն)
եւ կրոնական կազմակերպությունների դադարեցումը եւ կասեցումը, որը կարող է իրականացվել միայն հստակ սահմանված է կոպիտ եւ որոշակի խախտումների առկայության դեպքում: Ընդ որում որպես կրոնական կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիք, կրոնական կազմակերպության լուծարումը կարող է իրականացվել միայն դատական կարգով:
Վերահսկողական այլ լիազորություններ այս նախագծով արդարադատության նախարարությանը կամ որեւէ այլ պետական մարմնին չի վերապահվում:
8. Ընդունելի՞ է արդյոք այն կարծիքը, թե օրինագծով կրոնական կազմակերպություններին ավելի շատ իրավունքներ է տրվում, քան՝ պարտականություններ:
Պատասխան. Անդրադառնալով իրավունքներին եւ պարտակություններին՝ հարկ է նշել, որ սահմանված իրավունքները եւ դրանց կենսագործումը լիովին բավարար են ՀՀ սահմանադրության 26 –րդ հոդվածով եւ Եվրոպական կոնվեցիայի 9-րդ հոդվածներով սահմանված խղճի ազատության իրավունքի կեսագործման համար, իսկ սահմանված պարտականությունները լիարժեք համաչափ են այդ իրավունքի Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներին:
Հավելենք նաեւ, որ «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով, եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ 2011-ի նոյեմբերին օրինագծի շուրջ կանցկացվեն հանրային լայն քննարկումներ:



























