Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ օգոստոսի 29-ին չստանալով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից խոստացված իրավական փաստարկները՝ ներկայացնում է ամփոփիչ հայտարարություն` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացված մրցույթի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը՝ կանոնակարգել կրթության եւ գիտության նախարարության  կողմից անցկացվող մրցութային համակարգը, ցավալիորեն վերածվեց անընդունելի բանավեճի, ինչի արդյունքում կարելի է արձանագրել, որ պետական որոշ մարմիններում սեփական սխալներն ու բացթողումները ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է:

Ամփոփելով ծավալված անպտուղ բանավեճը՝ եւս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը եւ դեռեւս ոչինչ չի ձեռնարկել այդ խախտումը վերացնելու ուղղությամբ:

Նման եզրահանգման հիմք են ծառայում հետեւյալ անհերքելի փաստերը.

Փաստ 1.  2011թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունեցել 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերի մրցույթ:

Փաստ 2. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած դիմում-բողոքով հայտնել է, որ մրցույթը ընթացել է մրցակիցների միջեւ անհավասար պայմաններում, ինչպես նաեւ ներկայացրել է հիմնավոր պնդումներ՝ մրցույթի ընթացքում տեղի ունեցած շահերի բախման վերաբերյալ:

Փաստ 3.  Անձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է շահած գրքի թարգմանչի կողմից նախկինում ներկայացված եւ շահած գրքերի մասնագիտական խմբագիրը: Անթույլատրելի է կոլեգիալ կազմի անդամի առնչությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ նա նախկինում  գործել է ի շահ այդ գործընթացի մասնակիցներից որեւէ մեկի, կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակի շահագրգռված լինելու մասին, ինչը կասկած է հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: Այս մասին ուղղակիորեն հղում է պարունակում նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, ինչը վարչական վարույթի իրականացման ընթացքում դիտվում է որպես  բացարկի հիմք:

Փաստ 4.  Բողոքի քննարկման ընթացքում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունն ընդունել է, որ դասագրքերի մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը հստակ կանոնակարգված չեն, սահմանված չեն նաեւ հանձանաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:

Փաստ 5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Մինչդեռ, մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական մեխանիզմները հստակ ձեւակերպված չեն, ինչպես նաեւ կանոնակարգված չեն հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:

Այսպիսով, մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ առանց քաղաքացու իրավունքների իրականացման կարգի իրավական կարգավորման, արդեն իսկ խախտում է քաղաքացու իրավունքները:

Թեման համարում ենք սպառված: Դրա մասին խոսվեց շատ ավելին, քան նպատակահարմար էր, հատկապես, եթե նկատի ունենանք, թե որքան շատ եւ տարաբնույթ են մեր քաղաքացիների բողոքները տարբեր բնագավառներից:

Գիտելիքի օրվա նախաշեմին շնորհավորում ենք կրթության եւ գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին, աշակերտներին եւ ուսանողներին՝ մաղթելով բարեփոխված  եւ որակյալ  կրթություն»: