Հայաստանի ԱԳՆ-ում այսօր` օգոստոսի 29-ին տեղի են ունեցել երկակի նշանակության ապրանքների (ապրանքներ, որոնք օգտագործվում են խաղաղ նպատակներով, սակայն կարող են կիրառվել նաեւ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար եւ հրթիռային միջոցների տեղափոխման համար)վերահսկման վերաբերյալ հայ - գերմանական խորհրդատվություններ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդատվություններին հայկական կողմից մասնակցել են ԱԳ, պաշտպանության, էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի եւ Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները, գերմանական կողմից` Էկոնոմիկայի եւ արտահանման վերահսկման դաշնային գրասենյակի (BAFA) պատվիրակությունը, որը Եվրամիության համապատասխան լիազորությամբ իրականացնում է երկակի նշանակության ապրանքների վերահսկման գործառույթներ:
Քննարկվել են Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, համապատասխան կառույցների ստեղծումը եւ իրականացման գործընթացները, անդրադարձ է կատարվել երկակի նշանակության վերահսկման մեխանիզմներին:
Քննարկվել են հայկական կողմին առավել արդյունավետ եւ գործուն վերահսկողություն ապահովելուն միտված աջակցության հնարավորությունները:




























