Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ պատերազմը ավարտվելու նշաններ չի դրսեւորում:
Այսօր` օգոստոսի 29-ին ԿԳՆ-ն պարզաբանումներ է ներկայացրել ՄԻՊ-ի գրասենյակի մեղադրանքների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Օգոստոսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայատարարություն էր տարածել, որում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մեղադրվում էր դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման մեջ: Հայտարարությանը հետեւեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արձագանքը, որին ի պատասխան հրապարակվեց նաեւ ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը: Նույն օրը ՀՀ ԿԳ նախարարությունը պաշտոնապես ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից. «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու եւ դրանք վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ու առաջարկ ներկայացնելու» մասին /25.08.2011թ./ երկու որոշումները: Խնդրի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ պարզաբանումները.
1. Մարդու իրվունքների պաշտպանն իր որոշման մեջ մեղադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որ դասագրքերի գնահատումն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ է հանդիսացել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դասագրքի խմբագիր Լ. Մաթեւոսյանը: Պաշտպանն իր գրության մեջ չի ներկայացրել վերը նշվածը հավաստող որեւէ ապացույց եւ եզրակացություն է կատարել դիմողի`Հովհաննես Բարսեղյանի հայտարարության հիման վրա:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված «Զանգակ-97» հրատարակչության ներկայացրած «Երկրաչափություն. 7» դասագրքի հեղինակային խմբի կազմում ընդգրկված են` Լ. Ս. Աթանասյանը, Վ. Ֆ. Բուտուզովը, Ս. Բ. Կադոմցեւը, Է. Հ. Պոզնյակը, Ի. Ի. Յուդինան, իսկ թարգմանությունը, փոխադրումը եւ լրացումը կատարել է Ս. Է. Հակոբյանը: Դասագրքի գեղարվեստական խմբագիրն է Արա Բաղդասարյանը: Հետեւաբար, Լ. Մաթեւոսյանը գրքի հեղինակային, խմբագրական, թարգմանչական աշխատանքներում որեւէ մասնակցություն չի ունեցել:/Տես տպա գրված դասագրքի համապատասխան էջերը/: Նշված փաստը հաստատում է նաեւ Լ. Մաթեւոսյանի հավաստագիրը, որ նա չի հանդիսանում մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, թարգմանիչ կամ մրցույթին մասնակցող որեւէ հրատարակչության աշխատակից:
2.Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ որոշումը վերաբերում է քաղաքացի Համլետ Միքայելյանի բողոքին: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Համլետ Միքայելյանի` «Ընդդեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ուսուցիչների հանձնաժողովի` 2011 թվականի ապրիլի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին» հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը: /Տես ՀՀ վարչական դատարանի 11.07.2011թ. որոշում/ՎԴ-3201/05/11/: Որոշման ընդունումից հետո Հ. Միքայելյանը դիմել է ՀՀ վարչական վերաքնն իչ դատարան, իսկ «Մարդու իրավունների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. "Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան»:
3. Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակները չեն հանդիսանում մրցույթի մասնակիցներ եւ պայմանագրային հիմունքներով քաղաքացիաիրավական հարաբերություններ են ունեցել միայն հրատարակչական կազմակերպությունների հետ, իսկ դասագրքերի մրցույթի իրական մասնակիցները, որպես պայմանագրային հարաբերությունների սուբյեկտներ հանդիսանում են հրատարակչական կազմակերպությունները: Հետեւաբար, տվյալ գործընթացում, հեղինակների պարագայում մարդու իրավունքների խախտում չէր կարող լինել:
Հավելենք, որ մրցույթի կազմակերպման օբյեկտիվության հետ կապված հրատարակչական կազմակերպությունների կողմից, այդ թվում «Էդիթ-Պրինտ» եւ «Տիգրան Մեծ», որեւէ առարկություն կամ բողոք չի արձանագրվել: Ավելին, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակվել է «Տիգրան Մեծ հրատարակչություն»" ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի դրական կարծիքը մրցույթի կազմակերպման վերաբերյալ:
Կրկին հայտնում ենք, որ այս տարվա մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել լավագույն դասագրքերը: Ինչ վերաբերում է մրցույթների ընթացակարգերի բարելավման գործընթացին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը բարձրաձայնել է եւ Ազգային ժողովում, եւ զանգվածային լրատվամիջոցներով, եւ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության մեջ: Մրցութային ընթացակարգերի բարելավումները կիրականացվեն մինչեւ տարեվերջ` այդ թվում նաեւ հանրային քննարկումների արդյունքում»:



























