Թերթը գրում է, որ Երուսաղեմում գործող «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» երկարամյա տնօրեն Իսրայել Չառնին «Անգլոֆայլին» տված հարցազրույցում հայտարարել է. «Հակառակ գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական եւ ռազմական արդարացի մտահոգություններին, Իսրայելը չպետք է անտեսի այլ ժողովուրդների տառապանքները, թեկուզ այն պատճառով, որ ինքն էլ է արժանացել նույն ճակատագրին»:

Հրեա ցեղասպանագետը մտահոգված է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելուն միտված ներկայիս գործադրվող ջանքերը կարող են խոչընդոտել հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացին, որի համար նա պայքարում է երկար տարիներ:

«Հաշտեցումը պետք է լինի, իմ կարծիքով, բայց ոչ ի հաշիվ հայերի ցեղասպանությունը ժխտելուն»,- նշել է նա: Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն էր ստացել անցյալ տարվա Գազայի մոտ տեղի ունեցած ռազմանավային իրադարձություններից հետո, բայց վերջերս թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման ջանքերի հետեւանքով կարծես կորցրել է իր այժմեականությունը:

«Հաարեցի» լրագրող Ռաֆայել Ահրենը խոստովանում է, որ ցեղասպանության ճանաչմանն ի սպաս դրված ջանքերում անգնահատելի ներդրում ունի պրոֆ. Չառնին, որը ժամանակին հիմնադիրներից է եղել «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի», որը նախագահել է երկար տարիներ:

«Պրոֆ. Չառնին առաջինն է գուցե, որ գիտնականների, մարդկանց առաջ բացեց համեմատական ցեղասպանագիտության դռները: Դա ուսումնասիրությունների այն ոլորտն էր, որը Հոլոքոսթի տեսածիրից դուրս հաշվի էր առնում նաեւ այլ ժողովուրդների դժբախտությունները», ասել է Երուսաղեմի «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» լրատվական ծառայության տնօրեն նյույորքցի Մարկ Շերմանը:

Մասնագիտությամբ կլինիկական հոգեբան Չառնին ցեղասպանագիտությամբ սկսել է զբաղվել 1960-ական թվերից, երբ ամերիկյան լավագույն կրթօջախներն ավարտելուց հետո դիմել է «Յադ վաշեմին», խնդրելով օգնել գտնելու Հոլոքոսթի հոգեբանական վերլուծության մասին գրքեր: Երբ տեղեկացել է, որ այդպիսի գրքեր չկան, ինքն է սկսել զբաղվել այդ թեմայով: Գրել է եւ խմբագրել ավելի քան մեկ տասնյակ հատորներ, որոնցից երեքը արժանացել են «Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի տարվա աչքի ընկնող գիրքը» մրցանակի:

Օգոստոսի սկզբներին Երուսաղեմում եբրայերենով լույս տեսած նրա վերջին գիրքը վերնագրված է` «Դու պետք է ոչնչացնես քո մեջ գտնվող չարին»: