Երբ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարեցին եւ «հետքննություն» ուղարկելու հոդվածը հանեցին, շատերն ուրախացան, թե դատախազության գործառույթները կրճատվեցին:
Սխալ մեղադրանքի դեպքում նախկին օրենքով դատարանները ոչ թե մարդուն արդարացնում էին, այլ այդ մեղադրանքը հետ էին ուղարկում դատախազություն, եւ քննիչները կրկին նախաքննություն էին անում եւ շտկելով իրենց սխալները, գործը նորից ուղարկում դատարան:
Եվ տարիներ շարունակ մարդը մնում էր դատախազությունից-քննությունից կախված, երբեմն անգամ կալանքի տակ: Գործը կրկին նախաքննության ուղարկելու մասին հոդվածն օրենսգրքից հանելուց հետո դատարաններին մնաց երկու ելք` կամ դատապարտել մարդուն, կամ արդարացնել:
Ու թվում էր, որ այն մեղադրանքներով, որոնցով չէր հաստատվում մարդու մեղքը, պետք է բազում արդարացման դատավճիռներ ունենայինք: Սակայն այս փոփոխությունը խիստ բացասական դեր է խաղացել իրավապահ համակարգում: Հիմա` ցանկացած անհեթեթ մեղադրանք, որ մտնում է դատարան, անպայման արժանանում է պատժի:
Եվ այնպես է ստացվել, որ քննիչները վախենում են քրգործ չհարուցելուց կամ այն ընթացքում կարճելուց, որ վերեւում չմտածեն, թե փող են առել: Դատավորներն էլ վախենում են արդարացնել, քանի որ էլի` վերեւում կմտածեն, թե փող են առել: Արդյունքում տուժում են մարդիկ, որոնց մեղքը թեեւ չի ապացուցվում, բայց դատապարտվում են:



























