Տասներկու տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը վերսկսում է շաքարավազի արտահանումը, տեղեկացնում է rulife.ru կայքը: Ռուսաստանի շաքարարտահանողների միության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախորդ շաբաթ շաքարավազի մատակարարման պայմանագրեր են կնքվել Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հետ:

Շաքարավազի արտահանումներն սկսել են նրա շնորհիվ, որ Ռուսաստանում այս տարի սպասվում է շաքարի ճակընդեղի ռեկորդային բերք, իսկ շաքարի արտադրությունը կհասցվի մինչեւ 4.3-4.6 մլն տոննայի:

Ռուսաստանում շաքարավազի գները օգոստոսին նվազել են  26 տոկոսով եւ կազմում են 22.7 ռուբլի 1 կգ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը (համարժեք է 290 դրամին): Դրա հետ մեկտեղ շաքարավազի միջազգային գները շարունակում են մնալ բարձր` մոտ 800 դոլար 1 տոննայի համար:

Նշենք, որ Հայաստանը շաքարավազի հումք ներմուծում է հիմնականում Բրազիլիայից, թեւ նախորդ տարիներին պատրաստի շաքարավազի ներմուծումներ են իրականացվել նաեւ Կոլումբիայից, Բելգիայից ու Ավստրիայից: