Թուրքիայում նախադեպ է տեղի ունեցել. այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ «Հաղթանակ»-ի տոնն ընդունել է նախագահ Աբդուլլահ Գյուլը որպես գերագույն գլխավոր հրամանատար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԶՈՒ գլխավոր շտաբի Պատվո սրահում ընդունել է շնորհավորանքները։  Գյուլն իր խոսքում նշել է, թե մի զրույցի ժամանակ Գլխավոր շտաբի պետն է առաջարկել այս տարբերակը, որն էլ իրենք ընդունել են։ «Մենք այս տարբերակը շատ ճիշտ համարեցինք։  Օգոստոսի 30-ի «Հաղթանակ»-ի տոնի բոլոր շնորհավորանքները ես եմ ընդունելու։ Այսուհետ միշտ այսպես է լինելու»,-ասել է նախագահ Գյուլը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ 1922 թվականի օգոստոսի 30-ին քեմալական զորքերը՝ Խորհրդային Ռուսաստանի, եւ անձամբ Լենինի ռազմական եւ ֆինանսական աննախադեպ աջակցության շնորհիվ ճեղքեցին հունական բանակի պաշտպանական գիծը Ափիոն Գարահիսարի հատվածում եւ Դումլուփընարի ճակատամարտում պարտության մատնեցին հույներին, իսկ նրանց հրամանատարին գերի վերցրին։ Այդ պատճառով օգոստոսի 30-ը Թուրքիայում համարվում է մեծ հաղթանակի օր եւ պետականորեն նշվում է, քանի որ այդ հաղթանակով Թուրքիան ոչ միայն վերջնականապես փրկվեց մասնատումից, այլեւ կարողացավ կարճ ժամանակում երկրի արեւմտյան հունաբնակ շրջանները մաքրել հույներից։