Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին հայտարարել է Սերժ Սարգսյանը` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել է. «Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տեւած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը եւս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, թեեւ այսօր դեռեւս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:
Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս եւ տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենեւին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ եւ վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ եւ անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական եւ խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաեւ, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները:
Ամռանը հասել էինք մի կարեւոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, եւ թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է: Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով եւ հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց եւ նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար:
Այժմ, համոզված եմ, որ բոլորիդ հուզում է այն հարցը, թե ո՞րն է հաջորդ քայլը, եւ ի՞նչ ակնկալիքներ կան: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես եւ նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը եւ հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում եւ բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում:
Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»:



























