Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բորելը Բայրամովին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին, բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները, նշել է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հավատարմությունը։

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին պատմել է Պրահայի հանդիպումից ակնկալիքների մասին՝ տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու եւ մոտ ապագայում Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսելու կարեւորության առումով։