NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Nouvelles d’Arménie»-ում հրապարակված Արա Թորանյանի հոդվածը.

«2009թ. օգոստոսի 31-ի գիշերը Հայաստանն ու Թուրքիան համընդհանուր ուշադրություն գրավեցին` հրապարակելով իրենց հարաբերությունները  կարգավորելու մասին ճանպարհային քարտեզը:  Դրանից երկու տարի անց մենք կիմանանք, որ Թուրքիայի նոր խորհրդարանը հանում է նախորդ խորհրդարանի կողմից դեռեւս չվավերացված արձանագրությունները, որոնք Հայաստանի հետ ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:Արձանագրությունների վերջը հաստատող այս նախաձեռնությունը զարմանալի չէ` հաշվի առնելով, որ այն Թուրքիայի իսլամա-ազգայնական արմատականացման  առավել լայն համատեքստում է: Սա ցույց է տալիս, որ մենք այսօր հեռու ենք այն բազմակողմ հրապուրական մանյովրներից, որով Անկարան զբաղված էր այն ժամանակ, երբ ԵՄ-ին նրա թեկնածությունն ավելի ճշմարտանման էր թվում:  Սակայն այս ամենն արդեն անցյալ է: Եվ հայկական կողմն արդեն  կարող  է քաշել վարագույր այդ «առանց նախապայմանների հաշտեցման» մեռելածին մոդելի վրա:  

Նա կարող է դա անել ավելի քիչ ափսոսանքով, քանի որ հրաշալի խաղացել է  այդ մերձեցման խաղը (չնայած հասարակական կարծիքի թշնամությանը): Դրա համար նա գովասանքի է արժանացել թե ռուսներից, թե ամերիկացիներից:Սակայն չի կարելի նույնն  ասել Թուրքիայի մասին: Անմիջապես արձանագրությունների ստորագրումից հետո դառնալով Ադրբեջանի բուռն արձագանքների թիրախը` Թուրքիան նախ շրջադարջ, հետո արդյունավետ հետքայլ կատարեց` արձանագրությունների վավերացումը կապելով նոր պայմանի` Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմի զիջումների հետ: Սա պահանջ էր, որը ոչ մի տեղ նշված չէր ճանապարհային քարտեզում: Նույնիսկ ավելին, թուրքական առաջնորդները բազմիցս ձախողեցին գործընթացը` բազմապատկելով հակահայկական սադրանքները (ժխտման քաղաքականություն, Թուրքիայում բնակվող հայերին վտարելու սպառնալիք, Ադրբեջանին քաղաքական եւ ռազմական աջակցություն):Այս ամենից եզրահանգումներ կատարելով` Հայաստանի նախագահը 2010թ. ապրիլի 22-ին հայտարարեց արձանագրությունների սառեցման մասին:

Սակայն  արդյոք ժամանակը չէ առաջ գնալու` կատարելու առաջին քայլը եւ չեղյալ հայտարարելու այդ արձանագրությունները:Բոլոր փոխզիջումները, որոնց գնաց Երեւանը` համաձայնելով բանակցություններ սկսել թուրք դահիճների ժառանգների հետ,  արադարացվում էին քաղաքական դինամիկայով, որը պետք է  խթաներ այդ երկխոսությունը,  եւ հատկապես` Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներսում: Սակայն ներկայումս ոչ միայն երկխոսություն չկա, այլեւ Թուրքիայի իշխանություններն առիթը բաց չեն թողնում կրակի վրա յուղ լցնելու համար:Բացի թուրքական ազգայնականությունից, այս իրավիճակն ակնհայտ է դարձնում  երկու այլ իրողություն.  առաջին հերթին` այլակարծության նկատմամբ փակ լինելը,  ինչին նպաստում է աճող իսլամիզմը, մյուս կողմից` տնտեսական աճի բացասական  հետեւանքները, որը տիրելու նկրտումներ է ձեւավորում:«Մեծ քսանյակ»-ի անդամը լինելով` Թուրքիան դիվանագիտական մեծամտություն է դրսեւորում  Հայաստանի , անգամ Իսրայելի նկատմամբ, որի լիդերներից,  սակայն չի վարանում ներողություն խնդրել:Արձանագրությունների փորձն առնվազն կարող է հստակ ցույց տալ, թե  երկուսից ով է պատրաստ` զոհը, թե դահիճը, իր ջանքները ներդնել  երկխոսության համար, եւ ով է հրաժարվում դրանից:  

Այստեղից էլ Հայաստանի համար բխում է  այդ արձանագրությունենրը չեղյալ համարելու անհրաժեշտությունը, որոնք ոչ մի այլ բանի, բացի բանակցությունների մասին առասպելից, չեն ծառայում: Իսկ դա էլ Անկարան օգտագործում էր` խոչընդոտելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջադարձերի հետ կապված գերտերություները պետք է հետեւություններ անեն իրենց ռազմավարությունն  այդ գոտում վերանայելու առումով: Եվ միայն Հայաստանին աջակցելը կարող է նպաստել տարածաշրջանում հավասարակշռությանը, ու թույլ կտա նվազեցնել օսմանիզմի վերադարձը: Քանի դեռ  Անկարան չի շտկի իր դիրքերը: Եթե դա հնարավոր է»: