Պորտուգալիայի կառավարությունը հայտնել է, որ 3 միլիարդ եվրո կհատկացնի՝ էներգիայի գները զսպելու համար՝ կառավարության ծախսերի եւ կանոնակարգման համադրությամբ, հաղորդում է Reuters լրատվական գորխակալությունը:

Շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարար Դուարտե Կորդեյրոն լրագրողներին ասել է, որ սա երբեւէ գոյություն ունեցած ամենամեծ միջամտությունն է երկրի էներգետիկ շուկաներում եւ պետք է խնայի 2023 թվականին էլեկտրաէներգիայի գնահատված սակագների մոտ 30 եւ գազի 23-ից 42 տոկոսը:

Իսպանիան եւ Պորտուգալիան հունիսին սահմանել են էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվող գազի գին, ինչը օգնել է նվազեցնել սպառողական գները:

Կորդեյրոն ասել է, որ ծրագիրը «էլեկտրաէներգիայի եւ բնական գազի շուկայի գների մեծ վերընթաց սցենարին դիմակայելու նպատակ ունի 2023 թվականին»:

Վատագույն սցենարի դեպքում կառավարությունը կանխատեսում է, որ էլեկտրաէներգիայի շուկայական սակագները 2023 թվականին գրեթե կկրկնապատկվի՝ հասնելով միջինը 258 եվրոյի մեկ ՄՎտ/ժ-ի համար, մինչդեռ գազի գինը կարող է ավելի քան եռապատկվել:

Արդյունքում, ընկերությունների էլեկտրաէներգիայի ծախսերը 2023 թվականին կարող են աճել մինչեւ 6,5 միլիարդ եվրո՝ ի տարբերություն ներկայիս 1,7 միլիարդ եվրոյի, իսկ գազի ծախսերը 745 միլիոն եվրոյից կարող են աճել՝ հասնելով 2,7-ից 4,9 միլիարդ եվրոյի, նշել է Կորդեյրոն: