Գիտելիքի եւ դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 10.00-ին, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին (հասցեն՝ Մամիկոնյանց 31, նախկին Ֆուրմանովի փողոց) կհանձնվեն բրայլյան տետրեր։ Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Բրայլյան տետրերի պատրաստում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բրայլյան տետրերով ապահովել Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներին: «Բրայլն» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար:
Այն հնարավորություն է տալիս կույր եւ տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն եւ օգտվել հոգեւոր մշակույթի բոլոր արժեքներից: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում պատրաստվել է 1000 տետր, ինչի շնորհիվ կբարելավվի կույր եւ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացը` ապահովելով նրանց բրայլյան տետրերի որոշ քանակությամբ:
Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում սովորում է մոտ 100 երեխա Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից եւ ԼՂՀ-ից։ Աշակերտների մոտ 50 տոկոսը կույր է, մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ։ Այստեղ ուսանող երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են։
Նշենք, որ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։



























