Գնաճի դեմ պայքարը Գերմանիայի կառավարության ամենամեծ առաջնահերթությունն է եւ պահանջում է բարեփոխումներ, որոնք Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը դուրս կբերեն անխուսափելի ռեցեսիայից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, փոխանցում է Reuters-ը։
Նա նաեւ կոչ է արել Չինաստանին «իրեն արդար պահել» համաշխարհային առեւտրում՝ նշելով, որ Պեկինի հետ քննարկել է պարտքի վերակառուցման պարտավորությունները։
Լինդները խոստովանել է, որ Գերմանիան հետ է մնացել այլ երկրներից, քանի որ հատկապես խոցելի էր եվրոպական էներգետիկ ճգնաժամի եւ մատակարարումների շղթայի խափանումների նկատմամբ, եւ ինքնագոհ կերպով հավատում էր իր սեփական տնտեսական հզորությանը: «Մեր տնտեսության հիմքի համար ամենամեծ վտանգը գնաճն է։ Գնաճը կարող է էրոզիայի ենթարկել այդ հիմքը»,- ասել է Լինդները: «Մենք ամենալավ վիճակում չենք՝ մյուս ուժեղ արդյունաբերական երկրների համեմատ,- ասել է նա,- Մենք շատ երկար ենք ապավինել մեր ենթադրած ուժեղ կողմերին»:
Վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ Գերմանիան ռեցեսիայի շեմին է, իսկ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ հաջորդ տարի գնաճը կմնա 7 տոկոսից բարձր:
Կանցլեր Օլաֆ Շոլցի կոալիցիան պատրաստել է 200 միլիարդ եվրոյի փաթեթ՝ տնային տնտեսություններին էներգետիկ ճգնաժամի հետեւանքներից պաշտպանելու համար։
Ելույթ ունենալով Բունդեսբանկի նախագահ Յոահիմ Նագելի հետ՝ Լինդներն ասել է, որ Գերմանիան միջոցներ ունի իր թերությունները վերացնելու համար, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներում ներդրումներ կատարելով:





























