Կոալիցիա-Հայ ազգային կոնգրես առկախված երկխոսությունն անպայման կշարունակվի։ Օգոստոսի 31-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման վստահություն հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

«Այսօր տեսակետեր են հնչում, որ երկխոսությունը դադարել է, սակայն այն այժմ էլ շարունակվում է։ Երկխոսությունն այսօր էլ ընթանում է, պարզապես միջավայրն ու ձեւն են փոխված»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ եթե իշխանությանը հարմար է խոսել ցանկացած տեղում, ապա ՀԱԿ-ը խնդիր ունի, որ երկխոսությունը ծավալվի մի շինությունում, որի անվան մեջ ներառված է «կառավարական» բառը (խոսքը կառավարության ընդունելությունների տան մասին է, ուր կայանում էին երկխոսության վերջին ռաունդները՝ խմբ.)։

«Եւ սա նրա համար, որ գործընթացի վրա ավելի մեծ ուշադրություն դարձվեր, ինչպես նաեւ ՀԱԿ-ը շարժեր մյուս ընդդիմադիրների նախանձը»,- կարծիք հայտնեց իշխանության ներկայացուցիչը։

Անդրադառնալով բուն երկխոսության գործընթացին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ դրա հիմնական նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելն է։ «Այս գործընթացն ավելի շատ ՀԱԿ-ին դուրս հանեց քաղաքական ճահճից եւ բերեց քաղաքական դաշտ»,- նկատեց նա։

ՀՀԿ փոխնախագահը նշեց նաեւ, որ ՀԱԿ-ը փորձեց հաղթահարել կոշտ ընդդիմության խոչընդոտը, հետո էլ դարձավ արմատական ընդդիմություն։ Նա անթույլատրելի համարեց ՀԱԿ-ի այդ պահվածքը՝ նշելով, որ «քաղաքական ֆեոդալի տեսքով քաղաքական դաշտ մտնել չի կարելի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ն առկախում է բանակցություններին իր մասնակցությունը եւ կվերադառնա երկխոսությանը միայն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ: