Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը: Փոփոխությունները վերաբերում են ճգնաժամային իրավիճակներում արձագանքման հարցերին:

Փաստաթղթի տեքստն այսօր տարածվելու է խորհրդարանի ստորին պալատում, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: Արձանագրությունը ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին: Դրանում ասվում է, որ ՀԱՊԿ անդամ-պետություններից որեւէ մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կազմակերպության անդամները գործի են դնում դիրքորոշումների համակարգման համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Նրանք նաեւ պետք է միջոցներ մշակեն վտանգի դեպքում օգնելու համար:

ՀԱՊԿ անդամներ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ռուսաստանը: