Նոյեմբերյանին մերձակա Հաղթանակ գյուղի մոտ` Դեբետ գետի վրա, այսօր` օգոստոսի 31-ին, բացվեց պոմպակայան, որը ոռոգման ջուր կմատակարարի 4 000 հա հողատարածքներին: NEWS.am-ի թղթակիցը Նոյեմբերայինից հաղորդում է, որ պոմպակայանի բացմանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, եւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հաավատարմատար Բրյուս Դոնահյուն: Նշենք, որ պոմպակայանի կառուցումը իրականացվել է Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամի կողմից:
Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը NEWS.am-ին ասաց, որ սույն պոմպակայանը, ինչպես նաեւ հարակից պատվարը` կառուցված դեռ խորհրդային տարիներին, գտնվում էին անմխիթար վիճակում: Ավելին, վտանգ կար, որ պատվարը կփլվի: ՀՄՀ-ի կողմից հատկացված 5,5 մլն դոլարի շնորհիվ ամբողջովին վերակառուցվեց եւ վերազինվեց ոչ միայն պոմպակայանը, այլեւ Դեբետ գետի վրա 65 մ երկարությամբ պատվարը:
NEWS.am-ը փորձեց շրջակա գյուղերի բնակիչներից տեղեկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն այս պոմպակայանից: Նրանք նշեցին որ հողերի մի մասը ոռոգվում էր ինքնահոս ջրերի հաշվին, սակայն պոմպակայանը հնարավորություն կտա ոռոգել բարձրադիր վայրերում գտնվող հողատարածքները: Սակայն գյուղացիներից մի քանիսը դժգոհեցին, որ չեն կարողանում վճարել ոռոգման ջրի դիմաց, ինչը 1 հա հաշվով կազմում է 54 հազ. դրամ: Նրա խոսքով, վարձը գանձում են մինչեւ բերքի իրացումը, եւ այդ պատճառով իրենք լիարժեք չեն օգտվում նույնիսկ ջրի ինքնահոս համակարգից: Այդ կապակցությամբ NEWS.am-ը բացատրություն խնդրեց պոմպակայանի տնօրեն Սեդրակ Եսայանից:
Նրա խոսքով, եւ պոմպականից, եւ ինքնահոս համակարգով մատակարարովող ջուրը կունենա նույն գինը` 11 դրամ 1000 խմ-ի համար, իսկ այն գյուղացիները, որոնք մինչեւ բերքի իրացումը չեն կարողանում ոռոգման ջրի դիմաց վճարել, պարզապես տալիս են պարտավորագիր, եւ միայն պարտավորագրի բացակայության դեպքում հնարավոր է, որ ջուրը ժամանակավորապես չմատակարարվի: Իր հերթին Պտղավանի համայնքապետը բացառեց, որ ջրի մատակարարման որեւէ ուշացում լինում է: Նա նաեւ նշեց, որ այս տարի եղել է որակյալ եւ բարձր բերք:




























