Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր «Ես աղաչում եմ քեզ Տիրոջ անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում, որը կթողարկվի հոկտեմբերի 18-ին, գրել է. «Պատերազմները երբեք խնդիրներ չեն լուծում»: Գրքի հատվածները հրապարակել է La Stampa թերթը։

Նրա խոսքով, նորագույն պատմությունը նույնիսկ ցույց է տալիս «շահարկված պատերազմների» օրինակներ, որոնց պարագայում կեղծ հավակնություններ են ստեղծվել եւ ապացույցներ են կեղծվել՝ այլ պետությունների վրա հարձակումն արդարացնելու համար։

Նա կոչ է արել քաղաքական իշխանություններին՝ վերջ տալ շարունակվող պատերազմներին, չշահարկել տեղեկատվությունը եւ չխաբել իրենց ժողովուրդներին՝ փորձելով հասնել ռազմական նպատակների։

Պապի խոսքով՝ չկա դեպք, երբ պատերազմը կարելի է արդարացնել:

Նա պատերազմն անվանել է անարդյունավետ պատասխան, քանի որ այն երբեք չի լուծում առաջ քաշված ​​խնդիրները։

«Արդյո՞ք Եմենը, Լիբիան կամ Սիրիան, նշելով մի քանի ժամանակակից օրինակներ, ավելի լավ են ապրում, քան մինչ հակամարտությունները», - նշել է Պապը: