Քիշնեւի կենտրոնում հակակառավարական ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ ոչ մեծ բախում է տեղի ունեցել, կազմակերպիչները խնդրում են ցուցարարներին չտրվել սադրանքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Սեպտեմբերի 18-ից Քիշնեւում ընթանում է «Շոր» կուսակցության կողմնակիցների անժամկետ բողոքի ակցիան, ցուցարարներն ապրում են վրաններում՝ խորհրդարանի դիմացի այգում եւ նախագահի նստավայրի դիմաց։ Մեկ շաբաթ առաջ «Շոր» կուսակցությունը վերջնագիր էր ներկայացրել իշխանություններին՝ պահանջելով փոխհատուցել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, նյութական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Այս պահանջները կատարելու համար իշխանություններին յոթ օր ժամանակ է տրվել, սակայն արձագանք չի եղել։
Ցուցարարները մտադիր էին զբաղեցնել Մոլդովայի կառավարության շենքի դիմաց գտնվող Մեծ Ազգային ժողովի կենտրոնական հրապարակը՝ համաձայնեցնելով դա տեղի իշխանությունների հետ։ Սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը դեպի հրապարակ, ուստի բեմը դրվել է հենց խաչմերուկում։ Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկությունը միանգամից մի քանի փողոցներում արգելափակվել է։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ոչ մեծ բախում է տեղի ունեցել, սակայն այն արագ դադարեցվել է, տուժածներ չեն եղել։
Մոլդովայի ոստիկանությունը ապաշրջափակել է երթեւեկությունը Քիշնեւում եւ սկսել է ապամոնտաժել խորհրդարանի ու նախագահական նստավայրի դիմաց տեղադրված վրանները։





























