Առաջիկա տարվա մայիսին նախատեսվում է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի անցկացումն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Համերգասրահի վերաբերյալ տարբեր  նախագծեր են առաջադրվել, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը եւ հավելում, որ ADO-G ընկերությունը ներկայացրել է նոր նախագիծ: Ըստ այդմ, նախատեսվում է համերգասրահ կառուցել 25.500 հանդիսատեսի համար: Համերգասրահի ընդհանուր մակերեսը կազմելու է 48.864 կիլոմետր, բաղկացած է լինելու 16 հարկից եւ ունենալու է հատուկ ծածկ, որի վրա օդանավի վայրէջքի համար հրապարակ է կառուցվելու:

Համերգային դահլիճը ապահովված է լինելու ժամանակակից տեխնիկական նորույթներով եւ մաքուր ակուստիկայով:

Նշենք, որ Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի համար համերգասրահի կառուցման հայտամրցույթում հաղթել է ավստրիա-շվեցարական ընկերությունը, այժմ շինարարական աշխատանքներ են տարվում Դրոշի հրապարակից դեպի Կասպից ծով տանող հատվածում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թ. մայիսի 15-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած Եվրատեսիլ-2011 երգի մրցույթում հաղթող են ճանաչվել ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալի (Ell/Nikki): Նրանք կատարել էին «Running Scared» երգը: