Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում իրավիճակն ավելի լավ է, քան անցած տարիներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով`  գյուղատնտեսության  ոլորտում իրավիճակի բարելավմանն ուղղված մի շարք նպատակային ծրագրերի, այդ թվում` ցորենի, գարու, եգիպտացորենի սերմացուի հատկացման, ինչպես նաեւ տեխնիկայի գնման համար ատոնյալ վարկերի տրամադրման  շնորհիվ, այս տարի ավելի շատ բերք է ստացվել եւ գալիք տարի եւս լավ բերք է ակնկալվում: «Մեր ծրագրերից է նաեւ կոոպերացիաների ստեղծումը: Կոոպերացիան ավելի շատ ներդրումներ է ներգրավելու, հնարավորություն  է տալու շատ ծրագրեր իրականացնել: Յուրաքանչյուր գյուղացի աշխատում է իր  փոքրիկ հողակտորի վրա,  իսկ կոոպերացիան հնարավորություն է տալիս միավորել հողակտորները, ու այդպես հնարավոր է ավելի շատ հարցեր լուծել, արդյունավետությունն  էլ ավելի մեծ կլինի»,-ասաց Արմեն Ղուլարյանը:  Նա նշեց, որ ոռոգման երկու համակարգեր արդեն շահագործման են հանձնվել`Նոյեմբերյանի պոմպակայանը եւ Կոթիի ինքնահոս համակարգը:

Անդրադառնալով հեռուստաալիքների հեռարձակման խնդրին (նախկինում մարզում, հատկապես սահմանամերձ հատվածում, հեռարձակման խնդիր կար-խմբ)` մարզպետը նշեց, որ մարզի բոլոր համայնքներում հասանելի են Հանրային հեռուստատեսությունն ու Հ2-ը: «Հիմա արդեն վերահեռարձակվում են «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շողակաթ» հեռուստաալիքները: Տարեվերջին վերահեռարձակման գոտում կընդգրկվի նաեւ Բերդի տրածաշրջանը»:

«Այս ամենը մեծ հույսեր է ներշնչում: Պետք է բնակչությանն ավելի շատ ներգրավվել տարբեր ծրագրերում, եւ ամենկարեւորը, որ մարդիկ հիասթափության զգացողություն չունենան»,-ընդգծեց Արմեն Ղուլարյանը»: