Յունիբանկ ՓԲԸ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Երեւանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի ուսումնական դասասենյակը սեպտեմբերի մեկին աշակերտներին կդիմավորի լավագույն պայմաններով: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Յունիբանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բանկի աջակցությամբ իրականացվել է դասասենյակի հիմնովին վերանորոգում, փոխարինվել լուսավորության համակարգը եւ ձեռքբերվել նոր, ժամանակակից ուսումնական կահույք:
Յունիբանկը հետագայում եւս կշարունակի համագործակցությունը Լ.Ն. Տոլստոյի անվան դպրոցի հետ եւ աջակցություն կտրամադրի դպրոցի կողմից իրականացվելիք` կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին:
Յունիբանկն իր մասնակցությունն է ցուցաբերել նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված մայրաքաղաքի բարեկարգման մեծածավալ ծրագրին: Բանկը ֆինանսական աջակցություն` 15 մլն դրամ է տրամադրել Կիեւյան կամրջի լուսավորման աշխատանքների իրականացման համար: Կամրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն կնպաստի անվտանգ երթեւեկությանը, այլեւ գեղագիտական նոր տեսք կհաղորդի 375 մ երկարություն, 27 մ լայնություն եւ 60 մ բարձրություն ունեցող կառույցին:




























