ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը Կոնգրեսի երկու պալատների համատեղ նստաշրջանի առջեւ նշանակված է սեպտեմբերի 8-ին: Իր ճառում Օբաման բյուջեի դեֆիցիտի կրճատման եւ նոր աշխատատեղերի ստեղծման պլան կառաջարկի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կոնգրեսի պալատների համատեղ նիստի օրվա ընտրության առնչությամբ նախագահի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների միջեւ վիճաբանություն է ծագել: Բեյները մերժել է Օբամայի առաջարկած ամսաթիվը` սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը նշանակված են նախագահի հանրապետական թեկնածուների բանավեճերը:
Օբամայի ճառը նշանակված է սեպտեմբերի 8-ին. ելույթը համընկել է Ֆուտբոլի ազգային լիգայի նոր սեզոնի առաջին խաղի հետ:
Ավելի վաղ դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ ծագած հակամարտությունը` կապված բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցերի հետ, քիչ էր մնացել դեֆոլտի հանգեցնի:



























