Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսուցիչներին ու ժնողներին:
Ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ,
Հարգելի՛ ուսանողներ եւ դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Գիտելիքը մեր ժողովրդի եւ ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական եւ հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, եւ մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական եւ հոգեւոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատեւության, ինչպես նաեւ ապագայի եւ հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է:
Ե՛վ ուսուցման, եւ՛ ուսումնառության գործընթացները բարդ են ու դժվարին: Աշխարհում ոչ մի հասուն մարդ հեշտությամբ լուրջ արդյունքներ չի արձանագրել: Իմ կոչն է թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու թեթեւությունը եւ տրամադրվել ծանր աշխատանքի:
Այսօր սեպտեմբերի 1-ն է, եւ լայնորեն բացվում են մեր ուսումնական հաստատությունների դռները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում արգասաբեր ուսումնական տարի»:




























