Հայաստանում գրանցված 75 կուսակցություն կա: Դրանցից մի 20-25-ը ասպարեզում քիչ թե շատ երեւում են:
Կուսակցությունների անդամների ընդհանուր թիվն անշուշտ գերազանցում է երկրի բնակչության թիվը: Իսկ այդքան ուրույն գաղափարախոսությունների մասին խոսելն ավելորդ է: Ընտրություններից առաջ գրեթե բոլոր կուսակցությունները շեշտում են, թե իրենց շարքերը համալրում են միմիայն գաղափարակիցները:
Դե, մենք էլ որոշեցինք պարզել:
«Հայացք»-ի գլխավոր խմբագիրը թերթի լրագրող Գայանե Առաքելյանին հանձնարարեց չորս օրում փորձել անդամագրվել հնարավորինս շատ կուսակցությունների: Ընտրվեց առավել հայտնի 19 կուսակցություն:
«Եվ, ո՜վ զարմանք. լրագրողը չորս օրում անդամագրվեց տասնմեկ կուսակցության: Հինգ կուսակցության գրասենյակները այդ օրերին փակ էին: Իսկ «ամենացնցողն» այն էր, որ ՕԵԿ-ում Գայանեին առաջարկել են կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարի «պատվավոր պաշտոնը»:
Ինչեւէ:
Մեր թերթի վաղվա համարում կարդացեք Գ. Առաքելյանի «ռեպորտաժը» երկրի տասնմեկ կուսակցությունների գրասենյակներից:
Ի դեպ, իր այդ հոդվածում նա կհայտարարի բոլոր կուսակցություններից դուրս գալու մասին»,- գրում է թերթը:




























