Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց իր հրաժարականի վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունները: «Չգիտեմ ինչից հետո եք եզրակացնում, որ ամեն պահի, նշանակման օրիցս ուղիղ 3 օրից հետո խոսում եք իմ հրաժարականի մասին: Հասկանում եմ` այս ամենի հետեւում ինչ-որ ուժեր կան, ինչ-որ մարդիկ կան, որ փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել առաջինը` մեր համակարգում, եւ հետո` հասարակության շրջանում»,-ասաց ՀՀ ոստիկանապետը: Նա նաեւ ավելացրեց, որ  հանրապետության ղեկավարությունը պետք է որոշի իր պաշտոնանակման հարցը, այլ ոչ թե «ինչ որ մութ ուժեր, որոնք ներքին կարգով դավեր են նյութում»:

Ըստ Ա. Սարգսյանի` «իմ հեղինակությունը փորձում են ինչ-որ կերպ խաթարել, սակայն ես կարծում եմ` դրանով չի իմ հեղինությունը խաթարվելու, հրաժարական տալը դեռեւս մարդու հեղինակության մասին չի խոսում»:

Ոստիկանապետը նշեց նաեւ, որ երբեք լուրջ չի վերաբերել նման խոսակցություններին, բայց եթե նախկինում դրանց հումորով էր վերաբերում, ապա ներկայումս` անտարբերությամբ: