Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի պաշտոնանկության հարցին: Ներկայացնում ենք ճեպազրույցից մի հատված.
Պրն ոստիկանապետ, Մ. Օհանյանին արդեն ազատե՞լ եք աշխատանքից:
Մարգար Օհանյանի ազատման հրամանն արդեն տրված է, նա վերցվել է կադրերի տնօրինության տակ: Ինչ վերաբերում է կալանքին` որեւէ կանխատեսում անել չեմ կարող, այս պահին հատուկ քննչական ծառայությունը քրեկան գործի շրջանակներում քննություն է իրականացնում, այսօր-վաղը իրենք գործը կներկայացնեն դատարան, դատարանը կորոշի` կալանքի խնդիր կա՞, թե՞ չէ:
Ո՞ւմ եք տեսնում ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում
Ճիշտն ասած, մի քիչ դժվարանում եմ նոր պետի ընտրության հարցում: Այս պահին ուսումնասիրվում է: Չթաքցնեմ ձեզանից` արդեն 8-10 թեկնածուներ կան, հանել եմ անձնական գործերը: Մանրակրկիտ ուսումնասրվում է, հաշված օրերի ընթացքում թեկնածուն կլինի: Աշխատելու եմ ընտրել մարդ, որը կիրականացնի միայն իր վրա դրված գործառույթը եւ ուրիշ ոչինչ:
Իսկ աշխատաոճի փոփոխություն կլինի՞:
Աշխատաոճի փոփոխություն արդեն կա, որովհետեւ արդեն հանձնարարված է փոխնախարար, գեներալ-մայոր Աֆյանին, որը ծառայության մասնագետ է, նա ինքը կսպասարկի այդ ամբողջ բլոկը, ուղղակի շեշտում եմ` կլինի իմ անմիջական հսկողության տակ: Ճանապարհային ոստիկանության պետը մի քիչ այլ ստատուսով հանդես կգա` մշտապես համազգեստով, մշտապես ծառայության կողքին եւ ուղղակի կզբաղվի ՃՈ ծառայության որակը բարձրացնելու գործով: Մնացած բարեփոխումներով, մնացած գործընթացով կզբաղվի մեր համապատասխան ծառայությունը, ինչպես նաեւ համապատասխան բաժինը, որը ստեղծվել է ոստիկանության շտաբի կազմում…
Մարգար Օհանյանի եղբայրը, որը Նոր Նորքի ոստիկանապետն է, կշարունակի՞ աշխատել:
Ես առայժմ որեւէ դիմում չեմ ստացել, ես նրան չեմ հորդորել, չեմ պահանջել որեւէ դիմում գրել, նա շարունակում է պաշտոնավարել:



























