Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը գնահատում է իսկական հրաշք եւ ուրախ է, որ չնայած այնտեղ եղած տնտեսական, խոսքի ազատության եւ այլ խնդիրներին՝ ԼՂ-ն ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։ Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ քաղաքագետը։
Նրա խոսքով, Ղարաբաղի անկախությունը հնարավոր դարձավ բավական դժվար պայմաններում։ «Որքան էլ այնտեղ այսօրվա դրությամբ դժվարություններ կան, սակայն Ղարաբաղն արդեն 20 տարի գոյություն ունեցող սուբյեկտ է։ Քաղաքական ոլորտում ԼՂ անկախ պետություն է, մնացած բոլոր իրավիճակներում՝ Հայաստանի հետ միասնական մի մարմին»,- հիշեցրեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այս եւ մոտակա տարիների ընթացքում խնդրի լուծման ճանապարհին որեւէ առաջընթաց չի գրանցվի։ «Իհարկե, հանդիպումներ կլինեն, բայց ոչ ավելին»,- նկատեց նա։
Նշենք, որ ԼՂ անկախություն հռչակել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։



























