Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը` կարծիք հայտնելով, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունն ամենայն հավանականությամբ գործը կուղարկի դատարան` ըստ էության քննելու համար:

«Համենայն դեպս, իրենց քայլերից այլ բան ենթադրել չի կարելի: Գործը ավարտվել է 3 մեղադրյալների մասով: Մենք միջնորդել էինք ողջամիտ ժամանակ` գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն սահմանափակվել է այդ ժամանակը եւ ժամկետ է տրամադրվել չորս օր: Սեպտեմբերի 4-ին մենք պետք է ներկայացնենք մեր միջնորդությունները»,- նշեց փաստաբանը:

Վարդուհի Էլբակյանը նշեց, որ օգոստոսի 26-ին բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը` Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու մասին, սակայն Վճռաբեկ դատարանից առայժմ որեւէ արձագանք չկա:

Նշենք, որ օգոստոսի 9-ին ձերբակալված եւ ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկված ՀԱԿ 7 ակտիվիստներից ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը առկախել է երկխոսությունը իշխող կոալիցիայի հետ` պահանջելով ազատ արձակել իր ակտիվիստին, ում համարում է քաղբանտարկյալ: