Քենիայում ոստիկանները գնդակահարել են լուրերի պակիստանցի հաղորդավարին այն բանից հետո, երբ նա փախել է իր երկրից՝ խռովություն հրահրելու մեղադրանքներից խուսափելու համար, հայտնել են քննիչները, հաղորդում է AFP-ն:
49-ամյա Արշադ Շարիֆը Պակիստանի հզոր ռազմական կառույցի քննադատն էր եւ նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցը, որը պաշտոնանկ է արվել ապրիլին խորհրդարանին անվստահության քվե հայտնելու հետեւանքով:
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հետ հեռախոսազրույցում կոչ է արել թափանցիկ հետաքննություն անցկացնել կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։
Քենիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչ Բրունո Շիոզոն ասել է, որ լրագրողը մահացու վիրավորում է ստացել ոստիկանի կողմից այն բանից հետո, երբ նրա մեքենան անցել է ոստիկանական պատնեշի միջով Մագադի թաղամասում:
Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ էլ ոստիկանը կրակ է բացել։ «Ազգային ոստիկանական ծառայությունը ցավում է այս դժբախտ դեպքի համար»,- ասել է նա։
Սպանությունը մտահոգություն է առաջացրել Պակիստանի Կարաչի քաղաքում լրատվամիջոցների շրջանում եւ բողոքի պատճառ է դարձել:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, որին ծանոթացել է AFP-ն, մեքենային, որում երկու տղամարդ է եղել մոտ ինը փամփուշտ է կպել, սակայն այն շարունակել է ճանապարհը դեպի Պակիստանի մեկ այլ քաղաքացու տուն:
Այնտեղ Շարիֆին մահացած են գտել «գլխի հրազենային վնասվածքով»։





























