Ինդոնեզիայի հարավային ափերի մոտ 240 մարդ տեղափոխող մարդատար նավ է հրկիզվել, ինչի հետեւանքով 14 մարդ է զոհվել, հայտնում է AP-ն։

KM Express Cantika 77-ը Արեւելյան Նուսա Թենգարա նահանգի Կուպանգ քաղաքից դեպի Կալաբահի էր գնում, երբ հրդեհ է բռնկվել: Պաշտոնական տվյալներով՝ նավում եղել է 230 ուղեւոր եւ անձնակազմի 10 անդամ։

Փրկարարները հայտնաբերել են 226 ողջ մնացածի, ասվում է Ազգային որոնողափրկարարական գործակալության հաղորդագրության մեջ: Հաղորդվում է 14 զոհի մասին։

Ինդոնեզիայում լաստանավերի եւ նավակների հետ կապված ողբերգությունները սովորական են:

2018 թվականին Հյուսիսային Սումատրա նահանգի խորը հրաբխային խառնարանային լճում խորտակվել էր գրեթե 200 մարդ տեղափոխող գերծանրաբեռնված լաստանավը, ինչի հետեւանքով մոտ 167 մարդ էր զոհվել:

1999 թվականի փետրվարին երկրի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ խորտակվել էր գերծանրաբեռնված մարդատար նավը, որում 332 մարդ կար: Ընդամենը 20 մարդ էր ողջ մնացել։